ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Մենք հայ ենք, մեր մայրենի, ազգային ու պետական լեզուն հայերենն է

Մենք հայ ենք,  մեր մայրենի,  ազգային ու պետական լեզուն հայերենն է
30.05.2014 | 00:18

Բելգիայի Մեխելեն քաղաքում 2000-ից գործում է հայկական շաբաթօրյա դպրոց, որի տնօրեն ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել որոշ մանրամասներ. «Դպրոցը հիմնադրել է «Հայ հեղափոխական դաշնակցությունը», այն կոչել ենք Լևոն Շանթի անվան հայկական շաբաթօրյա դպրոց։ Բելգիայում Համազգային մշակութային միության վերամիավորումից հետո դպրոցը գործում է նրա ենթակայության տակ (2009-ի ուստարվանից): Սակայն դպրոցի նախկին պատասխանատուների սեփական նախաձեռնությամբ քաղաքում բացվեց երկրորդ հայկական դպրոցը»,- նշեց պարոն Սարգսյանը և հավելեց. «Կազմակերպական հարցերով պատասխանատուն Լիանա Մելքոնյանն է։ Դպրոցը մեկօրյա է՝ շաբաթօրյա: Գործում են ոչ միայն հայոց պատմության, հայ գրականության, հայոց լեզվի, այլև մաթեմատիկայի դասընթացներ։ Նպատակը նիդերլանդական դպրոցներում մաթեմատիկա առարկայից դժվարություններ ունեցող երեխաներին օգնելն է: Դպրոց հաճախում են տարբեր տարիքի երեխաներ։ Ընդ որում, նույն դասարանում էլ կարող են լինել տարբեր տարիքի երեխաներ: Հայկական դպրոց հաճախելու տարիքը 6-ից մինչև 12-14 է, սակայն չի բացառվում նաև 5 (ունեցել ենք նաև 5 տարեկան աշակերտուհի) և 14-ից բարձր տարիքը»։
Պարոն Սարգսյանի հավաստմամբ՝ երեխաները հաճույքով են դպրոց հաճախում, քանի որ, բացի սովորական դասաժամից, տարվա ընթացքում մի քանի անգամ կազմակերպվում են արտադասարանական ժամանցային միջոցառումներ։ «Դպրոցի խնդիրները կարելի է համարել համընդհանուր՝ մարդկանց մտածելակերպի, կրթական մակարդակի, պահանջմունքների, ազգային ինքնագիտակցության, ասիմիլյացիայի խնդիրներից բխող։ Բայց ունենք շատ ցավալի կարևոր մի խնդիր. հայ ընտանիքներից շատերը չեն ցանկանում, որ իրենց երեխաները հաճախեն հայկական դպրոց. նրանք մտածում են, որ երեխան ապրելու է Բելգիայում, ասել է` նրան պետք չէ հայոց լեզուն: Բայց լավ է, որ դրան հակառակ կան մարդիկ, որոնց նպատակը հայապահպանությունն է, ինչի համար էլ անում են ամեն հնարավորը»: Հարցին, թե` մի քանի տարի առաջ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բելգիայում նորաստեղծ հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի կառույցում գործող միությունների, դպրոցների, ստեղծագործական կառույցների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ սփյուռքում գտնվող դպրոցները այլևս դասագրքերի խնդիր չեն ունենալու, իսկապե՞ս այդպես է, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Դասագրքերի հարցում խնդիրներ չկան, քանի որ մենք ունենք համապատասխան դասագրքեր և աշխատանքային տետրեր՝ նախատեսված հատուկ սփյուռքի շաբաթօրյա դպրոցների համար: Գրքերի առաջին խմբաքանակը ստացել ենք սփյուռքի նախարարությունից (նրանք պատրաստակամություն էին հայտնել օգնելու), սակայն այժմ նրանց կազմած ցանկը չի համապատասխանում մեր դպրոցների պահանջներին: Վերջին տարիներին դպրոցի ֆինանսական միջոցներով են ձեռք բերվում անհրաժեշտ գրքերը»: Ըստ պարոն Սարգսյանի, սեպտեմբերին նախատեսվում է բացել նաև նախադպրոցական դասարան: Ի դեպ, դպրոցն ունի նաև պարի խումբ, որը կոչվում է «Շուշանիկ»։


Լյուբա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բելգիա

Հ. Գ.- Յուրաքանչյուր հայ, անկախ իր բնակության վայրից, պետք է գիտակցի, որ ինքը հայ է, որ իր զավակը պետք է կրթվի, դաստիարակվի ու մտածի հայերեն։ Չմոռանանք, որ յուրաքանչյուր ազգ ապրում և գոյատևում է իր մայրենի լեզվի պահպանման շնորհիվ, ու այդ գիտակցությունը պետք է ուղեկցի մեզ` բոլորիս, անընդհատ հիշեցնելով, որ մենք հայ ենք, մեր մայրենի, ազգային ու պետական լեզուն հայերենն է։

Դիտվել է՝ 2666

Մեկնաբանություններ